2019 թվականի վերջից աշխարհի համար մարտահրավեր դարձած կոնորավիրուսը 4 մլն-ից ավելի մարդու կյանք է խլել: COVID-19-ի ալիքը մի պահ նվազեց երկրներում, սակայն վերջին շրջանում ակտիվացել են նոր ալիքի բռնկման մասին կանխատեսումերը: Կորոնավիրուսի դեմ արդեն իսկ մի քանի պատվաստանյութ կա, բայց շատերը դեռ չեն շտապում պատվաստվել: Համավարակի դեմ պատվաստվելու համար աշխարհում խրախուսում են տարբեր մեթոդներով՝ առաջարկելով 5 մլն դոլարից մինչև բնակարան, գարեջրից մինչև կենդանիներ:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծող ՌԴ-ում, օրինակ` պատվաստվող մարդկանց նույնիսկ պաղպաղակ են հյուրասիրում: Միայն պաղպաղակով ամեն ինչ չի ավարտվում, քանի որ Մոսկվայում սահմանվել էր կոնկրետ ժամանակահատված, որի ընթացքում պատվաստվող անձինք կարող են շահել ավտոմեքենա։ 60-ից բարձր տարիքային անձանց համար գործում է «Միլիոն նվերներ» ծրագիրը, որի շրջանակում առաջին չափաբաժնի ներարկումից հետո կարող են ստանալ 1000 միավորի կտրոն, որը համարժեք է 1000 դոլարին։ Որոշ ընկերություններ պատվաստված աշխատակիցներին առաջարկում են պարգևավճարներ և պատվաստման օրերը համարում ոչ աշխատանքային։ ՌԴ որոշ շրջաններում առաջարկում են 75 հազար ռուբլուց մինչև բնակարան։
«Պֆայզեր» պատվաստանյութի հեղինակ ԱՄՆ-ում էլ բոլոր պատվաստվողներին հնարավորություն են տալիս մասնակցել վիճակահանության ու շահել 5 մլն դոլար։ Իսկ ԱՄՆ որոշ ընկերություններ 21-ից բարձր տարիքային խմբի պատվաստվածներին անվճար գարեջուր են հյուրասիրում, թեև պատվաստումից հետո ալկոհոլն արգելվում է։ Սպիտակ տունը տոմսեր է տրամադրում պատվաստվածներին՝ մարզական միջոցառումներին մասնակցելու համար։
Շահագրգռելու համար գործի են անցել նաև սոցիալական ցանցերը՝ խոստանալով անվճար սուպերլայքեր ու սուպերֆունկցաներ: Վաշինգտոնում չափահասներին տալիս են մարիխուաննայի փաթթուկ, գինի և ալկոհոլային կոկտեյլներ։ Մերիլենդի պետական ծառայողները պատվաստվելիս ստանում են 100 դոլար: Կոլորադոյում էլ վիճակախաղով 1 միլիոն դոլար կտրամադրվի պատվաստված 5 բնակչի:
Ալկոհոլով մարդկանց գայթակղում են նաև Իսրայելում: Իշխանությունը որոշել է Թել Ավիվում քաղաքային բարի մոտ բացել պատվաստման կետ, որտեղ առաջարկվում է պատվաստվել՝ անվճար ըմպելիքի դիմաց:
Ռումինիան Դրակուլայի ամրոց անունով հայտնի ամրոցի մոտ է պատվաստման կետ բացել: Պատվաստվածներին հնարավորություն է ընձեռվում անվճար մասնակցել միջնադարյան կտտանքների գործիքների ցուցահանդեսին։
Սերբիայի իշխանությունը 16 տարեկանը լրացած քաղաքացիներին, որոնք պատվաստվել են մայիսին, խոստացել է 30 դոլար պարգևատրում։
COVID-19-ի դեմ պատվաստումների քարոզարշավը խթանելու նպատակով` Թաիլանդի շրջաններից մեկում խաղարկություն է իրականացվում, որը պատվաստված բնակիչներին հնարավորություն է տալիս դառնալ կովի տեր: Քարոզարշավը տևելու է 24 շաբաթ, այն մեծ ոգևորություն է առաջացրել 43000 բնակչություն ունեցող քաղաքում, և կտրուկ ավելացել են պատվաստվողները:
Հնդկաստանում պատվաստվողներին առաջակում են կենցաղային իրեր և ոսկյա փիրսինգներ, իսկ Չինաստանում մրցանակն ընդամենը երկու տուփ ձու է:
Համաշխարհային միտումից հետ չի մնում նաև Հայաստանը: Մեր առողջապահության նախարարությունը մտադիր է պատվաստվողներին վիճականահանությամբ տրամադրել թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների տոմսեր: