ՀՀ կառավարության՝ հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշների ամրագրման անհրաժեշտությամբ, որը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին հնարավորություն կընձեռի ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը։
Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանների կանոնադրություններում ներկայում ամրագրված են ռեկտորին ներկայացվող պահանջներ, ըստ որոնց՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կանոնադրություններում սահմանված են նաև լրացուցիչ պահանջներ (ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում):
Պետական մի քանի բուհերի կանոնադրություններում (փոփոխված նաև հոգաբարձուների խորհուրդների որոշումներով) ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ․ փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա):
Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։
Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող մոտեցումները քննարկումների և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են դեռևս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը մշակելիս: Դրանք ընդհանրացվել և ամրագրվել են օրենքում՝ լրացուցիչ այլ պահանջներ բուհերի կանոնադրություններում սահմանելու հնարավորությամբ: