ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումների և փոփոխությունների նախագերի փաթեթը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
Ստեփան Մելքոնյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանվել է «կամ գրանցվելու» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական սահմանի մասին» օրենքում» և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերում սահմանային շերտում գրանցվելու պահանջ նախատեսված չէ: