Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածությունը թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համարում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ակնհայտ ճնշման գործադրում, որով փորձում են Հայաստանից զիջումներ կորզել:
Ռուբեն Սաֆրաստյան (ակադեմիկոս, թուրքագետ) - Մասնավորապես, որ Հայաստանը Արցախի կարգավիճակի հարցում, մեր սահմանների հարցում համակերպվի այն հանգամանքի հետ, որ մեր տարածքի վրա գտնվում են ադրբեջանական զորքեր և այլն, այսինքն՝ այս սադրանքները կոնկրետ նպատակ ունեն:
Կառավարության նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանի ու մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Փորձագետը նշեց՝ եթե այս անգամ էլ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է՝ լուրջ հարցականի տակ կդնի իր ապագան: Թուրքագետը կարևոր իրադարձություն համարեց նաև Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը կրճատելու մասին Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը:
Ռուբեն Սաֆրաստյան - Սենատը ևս պետք է միանա այդ որոշմանը, և այն կստանա օրենքի ուժ, իսկ գործադիրն էլ ընդունի որպես լուրջ մեսիջ:
Իրողությունը, սակայն, ըստ թուրքագետի, այն է, որ գործադիր իշխանությունը՝ ի դեմս Սպիտակ տան, շատ անգամ չի արձագանքում այն մեսիջներին, որոնք գալիս են Կոնգրեսից:
Ռուբեն Սաֆրաստյան - ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը ունի իր շահերը, նպատակները մեր տարածաշրջանում և չմոռանանք, որ Ադրբեջանից է սկիզբ առնում Բաքու-Ջեյհան նավթատարը, որը կարևոր է ԱՄՆ-ի համար, արևմուտքի համար. այս հանգամանքները պետք է հաշվի առնենք:
Սաֆրաստյանի խոսքով՝ Հայաստանը կիսում է նաև այն մոտեցումը, որը բարձարաձայնում են, օրինակ, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, որ Մինսկի խմբի աշխատանքները պետք է շարունակվեն. Արցախի կարգավիճակի խնդիրը դեռևս լուծված չէ, և Մինսկի խումբը պետք է վերադառնա այդ խնդրի քննարկմանը: Թուրքագետի խոսքով՝ սա ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում:
Ռուբեն Սաֆրաստյան - Ցավոք, Ադրբեջանը, ելնելով իր ագրեսիվ միտումներից, արտաքին քաղաքականության մեջ Արցախի, Հայաստանի նկատմամբ չի ընդունում Մինսկի խմբի գործունեությունը ներկա փուլում, բայց ես հույս ունեմ, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա կտա իր արդյունքը:
Թուրքագետը այս հարցում կարևորում է նախ հայկական դիվանագիտության անելիքները, նշում՝ պետք է իրականացվի թիրախավորված գործունեություն:
Սաֆրաստյանն անդրադարձավ նաև ռուս-թուրքական հարաբերություններին՝ դրանք բնութագրելով մարտավարական առումով դաշնակցային: Շեշտեց՝ ռազմավարական առումով, սակայն, երկրու երկրները մնում են հակառակորդներ. շահերը տարբերվում են միմյանից: Թուրքիան չստացավ այն արդյունքները, որ նախատեսում էր: Պատերազմ հրահրելով՝ Թուրքիան նպատակ ուներ Արցախում տեղակայել ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր, Սիրիայի մոդելով, սակայն Ռուսաստանը թույլ չտվեց:
Ռուբեն Սաֆրաստյան - Հարավային Կովկասը Թուրքիայի գերագույն նպատակն է. մեկուսացնելով, թուլացնելով Հայաստանը՝ հասնել այն բանին, որ Ռուսաստանի ազդեցությունը հարավային Կովկասում հասցնի մինիմումի, և հնարավոր լինի ընդհանրապես դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, Հարավային Կովկասը դարձնել թուրքական ազդեցության տարածաշրջան: Ակնհայտ է, որ սա ուղղված է Ռուսաստանի դեմ:
Թուրքագետը թեև նշեց, որ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի ծանր պատժամիջոցների ներքո, բայց հնարավոր միջոցներով պայքարում է: Սաֆրաստյանն ընդգծեց՝ Թուրքիան փորձում է մեր տարածաշրջան ներքաշել նաև Պակիստանին՝ Հայաստանի, Իրանի դեմ: Ընդգծեց՝ ակնհայտ է, որ Պակիստանին ներքաշում է իր քաղաքականության մեջ՝ հետին պլաններով, քանի որ կարող է ոչ միայն միջուկային ոլորտում տեխնոլոգիաներ ստանալ, այլև Պակիստանի միջոցով փորձում է ստանալ չինական ռազմական տեխնոլոգիաներ, որը Չինաստանը չի տալիս նրանց: