Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զինված միջադեպերը մտահոգություն են առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք լրջորեն մտահոգված ենք վերջին օրերին սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:
Նա կողմերին կոչ է անել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է դեգրադացնել իրավիճակը, իսկ ծագած բոլոր խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:
ՌԴ ԱԳՆ - Ռուսաստանը պատրաստ է շարունակել անհրաժեշտ օգնության տրամադրումը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման համար՝ ապաէսկալացիայի և հնարավորինս արագ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ:
Հայաստանի տարածքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները քննադատել են Եվրախորհրդարանականները: Նրանք դատապարտել են, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջերս արված հայտարարությունները «Արևմտյան Զանգեզուրի» մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքը Ադրբեջանի «նախնիների հող» լինելու մասին հիշատակումները։ «Նման հայտարարությունները չափից ավելի անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ»՝ ասվում է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։
Եվրախորհրդարանականներն անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծմանը:
Եվրախորհրդարանականներ - Ցավոք, սա ընդամենը վերջինն է միջադեպերի կամ սադրանքների շարքից այս ամիսների ընթացքում, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է եւս մեկ հայ զինծառայող։
Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։ Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչև մայիսի 12-ը: Մենք հիշեցնում ենք Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին և բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ ներառյալ տևական հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանն է անդրադարձել ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն:
«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,- «Թվիթերում» գրել է Լինդեն:
Հումանիտար հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել. Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանի խոսքով միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է. միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով:
ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավան - Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, ես կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական տեղապտույտից:
Իռլանդացի պատվիրակը տեղեկացրել է, որ կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել՝ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից: Ի դեպ, Փոլ Գավանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով իր զեկույցը նախատեսում է ներկայացնել ԵԽԽՎ-ի հաջորդ լիագումար նիստում՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը:
«Ադրբեջանը խախտել է հայկական սահմանն ու սպանել 3 հայերի իրենց հողում: Եկեք բացենք մեր աչքերը»,- Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ իրականացվող հարձակումներին է անդրադարձել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն:
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ռենո Մյուզելյե - Այս սահմանի հսկողությունը դառնում է գլոբալ խնդիր՝ կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի դիկտատորներ Էրդողան և Ալիև դաշինքի կողմից պատերազմի վերսկսումը:Նրանց միակ նպատակն է ոչնչացնել հայ ժողովրդի ներկայությունն այն հողի վրա, որը պատկանում է հայ ժողովրդին։
Մյուզելյենը կարծում է, որ սա գլոբալ խնդիր է և դեռ ժամանակ կա դեմ կանգնելու մահվան և կործանման այդ ծրագրին: