Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները հուլիսի 29-ի առավոտյան օպերատիվ տվյալներ են ստացել, որ գիշերը Շատջրեք գյուղում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունն իրացվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների մասնակցությամբ։ Պարզվել է, որ գյուղի բնակիչներից մեկն ու Վարդենիսում բնակվող մի տղամարդ վիճել են, իսկ երբ վարդենիսցին մեքենայով փորձել էր հեռանալ, Շատջրեքի բնակիչը ապօրինի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրա մեքենայի ուղղությամբ։
Ոստիկանության ծառայողները ժամը 12:30-ին կրակողին հայտնաբերել ու բերման են ենթարկել Վարդենիսի բաժին։ Նա խոստովանել է արարքը և ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտով։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։