Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկնել է հայրենիք վերադառնալու իր մտադրությունը: Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ «հանրաքվեից» առաջ: Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 2-ին տեղի ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք վրացական ընդդիմությունը համարում է իշխող կուսակցության վստահության հանրաքվե, տեղեկացնում է ekhokavkaza-ն:
Իր տեսաուղերձում Սաակաշվիլին մեկնաբանել է երկրում տիրող քաղաքական իրավիճակը և «Վրացական երազանքի» որոշումը՝ միակողմանիորեն դուրս գալ «Շառլ Միշելի համաձայնագրից»՝ ճգնաժամի կարգավորման փաստաթուղթ, որը ստորագրել են իշխանությունը և ընդդիմության մի մասը՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Սաակաշվիլու խոսքով՝ «Վրացական երազանքը» խախտել է իր պարտավորությունները, որոնք տվել է ոչ թե Եվրամիությանը կամ որևէ քաղաքական կուսակցության, այլ վրաց ժողովրդին: Նախկին նախագահը հիշեցրել է, որ համաձայն պայմանավորվածության՝ առաջիկա ընտրությունները պետք է որոշեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը: Դա տեղի կունենար, եթե իշխող կուսակցությունը հավաքեր 43%-ից քիչ ձայն:
Սաակաշվիլին նաև պնդում է, որ իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով փակել ընդդիմադիր լրատվամիջոցները և սահմանափակումներ մտցնել:
«Այս ընտրությունները, միևնույն է, տեղի կունենան, և ես կկատարեմ իմ պարտավորությունը ազգի ու պատմության առջև ու կգամ Վրաստան՝ այս անգամ հանրաքվեից առաջ: Իվանիշվիլին այս անգամ չի կարողանա տրորել վրաց ժողովրդին, նրա իշխանության վերջը եկել է»,- եզրափակել է Միխեիլ Սահակաշվիլին: