Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը:
Վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում` վերակառուցումից մինչև լաբորատոր սարքերով վերազինում, իսկ Լոռու մարզում` ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում։
Բացի դրանից՝ արդյունավետ է գնահատվել կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի ծրագիրը, որը մեկնարկել է Լոռու մարզում 2021 թվականի հունվարից: Մեկնարկից ի վեր մինչև հուլիսի 15-ը, մարզում հետազոտվել է մոտավորապես 4600 կին: Սքրինինգային ծրագիրը կշարունակվի մինչև 2023 թվականը: Անահիտ Ավանեսյանը նկատել է` ծրագրի արդյունավետությունը թույլ է տալիս մտածել մյուս մարզերում այն իրականացնելու մասին:
Հայաստանի և ԿԶԵՀ միջև ծավալված համագործակցությունն ու փոխըմբռնման մակարդակը բարձր է, վերջում շեշտել են հանդիպման մասնակիցներն ու խոսել փոխշահավետ գործակցության շարունակության անհրաժեշտության մասին: