Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են արել Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ:
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերի հետ բախումների ժամանակ երեք հայ զինծառայողի զոհվելու համար, այն բանից հետո, երբ, ինչպես հաղորդվում է, հայկական դիրքերը և մի քանի գյուղեր վաղ առավոտից գնդակոծվել են, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին:
Ցավոք, դա վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք միջադեպերից կամ սադրանքներից միայն վերջինն է, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին՝ Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումով: Վերջերս Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր էր զոհվել, պակաս տագնապալի չէր:
Իրավիճակը թուլացնելու համար չափազանց կարևոր է, որ անմիջապես դադարեցվի սադրող հռետորաբանությունը: Այս համատեքստում մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր»-ի և Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական «նախնիների երկիր» կոչելու վերաբերյալ: Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանի հետագա անվտանգությանը:
Մենք հիշեցնում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և ցանկացած հարց լուծելու բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ հակամարտության տևական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։