ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին, սակայն նման առաջարկները հավերժական չեն լինի՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը: Կարին Ժան Պիերը շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը, երբ Իրանը նախագահական ընտրություններից հետո ավարտի անցումային գործընթացը։
ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀՐԴԵՀՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ՄԱՀԱՑԵԼ Է ՉՈՐՍ ՄԱՐԴ
Թուրքիայի տարբեր նահանգներում 2 օր առաջ սկսված լայնածավալ հրդեհները շարունակվում են. չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի կիրառմանը՝ դրանք մարել չի հաջողվում: Մոտ 2 տասնյակ գյուղերից մարդկանց են տարհանել, գործընթացը շարունակվում է: Ծովափնյա նահանգներում կրակը հասել է մինչև հյուրատներ, զբոսաշրջիկները գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ: Հրդեհների հետևանքով տուժել է 183 քաղաքացի. 4-ը մահացել է, 60-ը՝ հոսպիտալացվել: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն Անթալիայում մոլեգնող զանգվածային հրդեհը որակել է որպես ազգային աղետ:
ԱՄՆ-Ը ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը զինվորական և քաղաքացիական անձնակազմի համար սահմանել է պահանջ՝ նոր կորոնավիուսի դեմ պատվաստում կամ վարակի առկայության կանոնավոր թեստավորում անցկացնելու մասին: Նախագահի տարածած կարգադրությունները ենթադրում են, որ նախարարության բոլոր զինվորականները և քաղաքացիական անձակազմը պետք է ներկայացնեն պատվաստման մասին փաստաթուղթ: Պատվաստված չլինելու դեպքում անձնակազմը պարտավոր կլինի կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունը, անել կանոնավոր թեստավորում և սահմանափակված կլինի գործուղումների հարցում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեկ ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտնել է, որ Պենտագոնին հաձնարարել է մշակել զինծառայողների համար պարտադիր պատվաստման պլան:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԴԵՂԱՉԱՓՈՎ
Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որտեղ պաշտոնապես սկսել են պատվաստել երրորդ դեղաչափով: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափ ստանալու արշավի մասին՝ շեշտելով, որ երկրի փորձը ցույց է տվել, որ վիրուսի տարածումը հնարավոր է կանխել լայնամասշտաբ պատվաստումների միջոցով: Իսրայելում 60 տարեկանից բարձր անձինք, որոնք պատվաստվել են 5 ամիս առաջ, իրավունք ունեն ստանալու 3-րդ դեղաչափը: Վարչապետը հայտնել է, որ երկրի նախագահ Իցհակ Հերցոգը առաջինն է լինելու, որը կփորձի երրորդ պատվաստումը: