Տարածաշրջանում աննախադեպ միջոցառման շնորհիվ բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, որի արժեքը սև շուկայում մոտ 45 միլիոն դոլար է: ՊԵԿ-ն օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ Իրանից Եվրամիության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերպված հանցավոր խումբը նախատեսում է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տեղափոխել հերոինի խոշոր խմբաքանակ:
Վարդան Վարդանյան (ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ) - Պետական եկամուտների կոմիտեում որոշում կայացվեց իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում՝ միջազգային վերահսկելի մատակարարում:
Որոշման մասին անհապաղ տեղեկացվել է նաև Հայաստանի գլխավոր դատախազը: Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, ներգրավվել են նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Միջոցառման իրականացման գործում մասնակցություն են ունեցել նաև մեր երկրում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության՝ Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը:
Վարդան Վարդանյան - 2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած` 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո ՀայաստանիՀանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
Հանցավոր խմբի անդամներ՝ Թուրքիայի 2 քաղաքացին Կիևում պահեստ են վարձակալել: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո, հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել ապրանքը: Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ, մուտք են գործել պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ հերոինի 1164 փաթեթ: Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակով առաքել Եվրամիության երկրներ:
Վարդան Վարդանյան - Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործիշրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվեցին: Այս քրեականգործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվեց նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի:
Այս պահին իրականացվում է նախաքննություն: ՊԵԿ-ից հայտնում են՝ այս միջոցառման գլխավոր նպատակն է՝ հայտնաբերել և օրենքի առջև պատասխանատվության ենթարկել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց հնարավորինս մեծ շրջանակ: