Մեկնարկել է Տաթևը Կապանին Աղվանիով կապող ռազմավարական նշանակության այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքը: Հանրապետական նշանակության 68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են: Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգման աշխատանքը մեկնարկել է 2020-ին:
Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ) - Հ46 նշանակության ավտոճանապարհը նաև ռազմավարական նշանակության է, քանի որ այն միակ շրջանցիկ ճանապարհն է, որը Մ2 հնարավորություն է տալիս շրջանցել: Շինարարական աշխատանքներն ընթանում են 3 հատվածում, առաջին հատվածը կազմում է հանրապետական նշանակության՝ 25-րդ կմ-ից 37 կմ հատվածը, 2-րդ հատվածը 17.5 կմ է, 37.500-ից մինչև 55 կմ, և 3-րդ հատվածը՝ 55 կմ-ից մինչև 68 կմ, որ կազմում է 13 կմ և իրականացնում է «Քարավան» ընկերությունը:
Տաթև - Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով: Այս պահին ընթանում է հողային աշխատանք։
Վահագն Ստեփանյան - Այս հատվածում քանի որ ժայռաբեկորների մեծ հատվածների քանդման աշխատանքներ կային, հիմա այդ աշխատանքներն են իրականացնում, հողային աշխատանքները, որից հետո տեղադրվելու է ցէ5 տեսակի նյութը և 3 շերտ ասֆալտ՝ 6 սմ, 6 սմ և 4 սմ: 2022 թ. մենք նախատեսում են իրականացնել Տաթև-Լծեն ճանապարհահատվածի շինաշխատանքները, որը հնարավորություն կտա կցորդիչով բեռնատարների անցանելիությունը ապահովել:
Էդգար Ֆրանգուլյան («Ճանապարհային դեպարտամենտ»ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի ինժեներ) - Նույն ճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում էլ սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը, արժեքը՝ 1 մլրդ 220 մլն դրամ:
Վարորդ - Շատ լավ է, այլընտրանքային ճանապարհ է Կապան քաղաքի համար, էստեղով ավելի հետաքրքիր է, էն թասի ոլորանները հենց որ չես գնում, նամանավանդ որ երեխա է լինում հետդ, ճանապարհը լավ չեն տանում, էստեղով ավելի հարմար է, էլի:
Տաթև վանական համալիրի մոտ նախատեսվում է կառուցել դիտակետ, 10 մլն դրամ արժողությամբ: Այն զբոսաշրջիկներին հնարավորություն կտա հիանալ տարածքի գեղեցկությամբ: Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կստեղծվի Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական նշանակության բարեկարգ ավտոճանապարհ, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը: Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար: Այդ ճանապարհներից 44.9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4.1 կիլոմետրը՝ մարզային նշանակության:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան