ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 75 պատգամավոր:
Ըստ նախագծի՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
«Տարիներ առաջ Հայաստանը, իմ կարծիքով, ճիշտ որոշում կայացրեց և ապաքրեականացրեց վիրավորանքի ու զրպարտության համար քրեական պատասխանատվությունը և, ըստ էության, պաշտպանության միջոց նախատեսեց քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում դրանց կարգավորումը: Այդուհանդերձ, մենք պետք է վիրավորանքից տարբերենք հայհոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը: Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և լինելու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելո՞ւ է մենակ այդ հարցում, թե՞ հայհոյանքը և դրա արգելքը սահմանելու է օրենքով»,- ասաց նախագծի համահեղինակներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով, հայհոյանքը քրեորեն պատժելի դարձնելը կստեղծի մի այնպիսի միջավայր, երբ հանրային տիրույթում և մասնավոր հարաբերություններում հայհոյանքն իսպառ կբացառվի կամ հանրորեն վտանգավոր չի լինի: