Խորհրդարանն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենսդրական փաթեթը:
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցված ընդունեց նաև ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ երկրի պետական սահմանի պաշտպանության վրա: Ուստի, ըստ նախագծի հիմնավորումների, սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար որոշակի սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն կա:
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կկանոնակարգվի նման սարքերի օգտագործումը Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գործադիրի առաջարկով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում և կքննվի 5 դատավորի կազմով:
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնության հիմքում ընկած է Սահմանադրական դատարանի որոշումը: