ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) երկու երկրների ղեկավարություններին կոչ է արել թուլացնել լարվածությունն ու հարգել հրադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին դեպքերից հետո, որոնք վերջերս հանգեցրել են երեք հայ և մեկ ադրբեջանցի զինծառայողների մահվան: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ կայքը:
«Դժբախտաբար, այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում միջադեպերի կայուն աճ է գրանցվել, և դրանք նոր մակարդակի են հասել՝ ցավալի վնասվածքներով և մարդկային կորուստներով, ինչը ինձ մեծ անհանգստություն է պատճառում»,- ասել է պարոն Գավանը: «Ինձ հետ կապ են հաստատել երկու կողմն էլ, ինչն էլ վկայում է, որ նրանք խուսափում են իրավիճակի վատթարացումից: Երկարատև հումանիտար մտահոգությունները, որ ազդում են սահմանի երկու կողմում անհատների կյանքի վրա, չեն կարող հանգուցալուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարել: Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ պատասխանատվություն ստանձնել խաղաղության և հաշտեցման հասնելու համար»,- նշել է նա:
«Ուստի հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն հետագա այնպիսի քայլերից, որոնք կսրեն իրավիճակը: Մենք կարիք ունենք խուսափելու հակամարտության այս շարունակվող շրջանակից»,- հայտնել է զեկուցողը:
Գավանը նպատակ ունի Խորհրդարանական վեհաժողովին ներկայացնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով իր զեկույցը՝ հաջորդ լիագումար նիստի ժամանակ, որը կգումարվի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը: