Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելում են նաև ապօրինի քրեական հետապնդումների հետևանքով դատապարտված հայերին: Բաքուն գրեթե ամեն օր հրապարակում է տեղեկություններ, որոնց համաձայն ընթանում են հայ գերիների շինծու դատավարություններ, նրանց առաջադրվում են կեղծ մեղադրանքներ:
Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Անկախ նրանց կարգավիճակից՝ մյուս կողմում գտնվելու ողջ ընթացքում իրենք պաշպանված են միջազգային մարդասիրական իրավունքի ներքո, ուստի հնարավորություն ունեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցերի, որն իր մեջ ներառում է ընտանիքների հետ կապի պարբերական պահպանումը:
Ամատունին ընդգծեց, որ միջազգային կոմիտեն մանդատ ունի տեսակցելու պահվող բոլոր անձանց: Կարմիր խաչի պատվիրակների այցերն Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին, այնտեղ պահվող քաղաքացիական անձանց պարբերական են, վերջին տեսակցությունը տեղի է ունեցել հունիսի վերջին և հուլիսի սկզբին: Կարմիր խաչի ներկայացուցիչը հուսով է՝ շուտով իրենց պատվիրակները կրկին կայցելեն Ադրբեջանում գտնվող հայ գերիներին: Միաժամանակ, կոմիտեն մշտապես ջանում է բարելավել նրանց հետ հաղորդակցության միջոցները:
Զառա Ամատունի - Բոլոր կապի միջոցները, որոնց թույլտվությունը մենք ստանում ենք անպայման իշխանությունների կողմից, կիրառում ենք: Խոսքը տեսագրությունների մասին է, Կարմիր խաչի նամակների, զանգերի:
Հուլիսի 14-ին Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի հետ կապը կորել էր: Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություն այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չունի:
Զառա Ամատունի - Այս հարցով զբաղվում են համապատասխան իշխանություններն ու պատկան մարմինները, մենք այս անձանց ընտանիքներից որոշակի հաստատում ստանալուն պես կկարողանանք ակտիվ ընդգրկվել այս հարցում:
Բաքուն այս պահին հաստատում է 45 անձի գերեվարման հանգամանքը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գերիների թվի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակում: Այցերի ընթացքում ծանոթանում են գերիների առողջական վիճակին ու պահման պայմաններին: Տեղեկությունն առաջինը հայտնում են ընտանքներին: