Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2000 աշխատակցի աշխատավարձ կբարձրանա: Ավագանու որոշմամբ՝ միջին օղակի աշխատողների աշխատավարձը բարձրացվեց շուրջ 30 տոկոսով, փոխքաղաքապետներինը՝ 114, քաղաքապետի աշխատավարձը՝ շուրջ 130 տոկոսով: Նախագծի համահեղինակ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց առաջարկի հիմնավորումները:
Նախագծով Երևանի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, պարզաբանեց նախագծի համահեղինակը: Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների տարեկան ֆոնդը մոտ 7 մլրդ դրամ է, որից 1.9 միլիարդը հավելավճարն է: Այն գումարը, որը վերջին տարիներին քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է պարգևավճարի տեսքով, այսուհետև տրամադրվելու է որպես հիմնական աշխատավարձ:
Պարգևավճար քաղաքապետարանում այսուհետև կստանան այն աշխատակյիցները, որոնք հավելյալ աշխատանք կկատարեն: Քննարկմանը ներկա ավագանու անդամների մեծ մասը կողմ քվեարկեց աշխատավարձերի բարձրացմանը: Նախագծի հրատապությունը և այս փուլում այն ներկայացնելը անհասկանալի էին «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանի համար:
Քննադատությունը հնչեցնելուց հետո Խաչատրյանը տեղեկացրեց՝ նախագծին, այդուհանդերձ, կողմ է քվեարկելու, որպեսզի քաղաքապետարանի մաքրուհիների աշխատավարձը բարձրանա: Նա նաև հիշեցրեց վերջերս խորհրդարանի ընդունած նախագիծը, որով պատգամավորներին ծախսերի համար տրվող 50 հազարը դարձավ 250 հազար դրամ: Ավագանու ընդդիմադիր անդամը կարծիք հայտնեց, որ կա թիմակիցների աշխատավարձը բարձրացնելու քաղաքական որոշում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, այսօր ևս վերահաստատեց՝ թեև բարձր աշխատավարձը հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար, այդուհանդերձ, ինքը կհրաժարվի ավելացած գումարից և կստանա նույն աշխատավարձը՝ 415 հազար դրամ: Օրենքի պահանջ է, որ այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացվի նաև քաղաքապետի աշխատավարձը: Մարությանը, մինչդեռ իր հայտարարության մեջ ընդգծել էր՝ հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնողը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։