Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել ՀԱԿՊ-ի համակարգը. Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար, սադրիչ գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ: Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, և ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ ԶՈՒ-ի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով»,- ասաց Փաշինյանը:
ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են ընդունելի լինել միջազգային այլ ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հավելեց նա: