Կառավարությունն առողջապահության նախարարությանը 3 մլրդ 459 մլն դրամ հատկացրեց՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ Sinopharm և Pfizer ընկերությունների արտադրության:
Հայաստանում իրականացվել է 163 հազար պատվաստում, ակտիվությունն աճում է: Նոր պատվաստանյութերի արագ մատակարարումը կխթանի ակտիվ պատվաստման գործընթացը, ինչը, ըստ Ավանեսյանի, կարևոր երաշխիք է՝ նոր ուստարում պատվաստված ավելի շատ անձինք ունենալու համար:
Անահիտ Ավանեսյան - Նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք նաև Կառավարության դատին: Բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ և՛ սահմանափակումների, և՛ խրախուսման, փորձում ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշ:
«Դելտա» շտամից պաշտպանվելու համար ԱՀԿ-ն հորդորում է պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի: Տարածաշրջանում կորոնավիճակը լարված է, Հայաստանի ջանքերն ուղղված են հարաբերական կայուն վիճակի պահպանմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Բավականին մտահոգիչ է, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով թվերն աճում են: Ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա, պետք է արդյունավետ իրականացնենք պատվաստանյութերի ձեռքբերումը:
Վրաստանը Հայաստանին կնվիրի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ: Փոխօգնությունն արվում է նաև պատվաստանյութերի ժամկետայնությունը ճիշտ պահպանելու համար: Համավարակի դեմ միասնական պայքարը Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում: Լիտվան Հայաստանին կնվիրի 27 հազար դեղաչափ պատվաստանյութ:
Գործադիրն առաջարկեց փոխել բարձրագույն և հետբուհական, նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքները՝ սովորողների առանձին խմբերի՝ մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին նպաստ տրամադրելու համար: Պետական աջակցության համար սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար) - Իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով Կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի մոտ 4000 ուսանող, հաջորդ տարի՝ 6800 սովորող: Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց սոցիալական և կրթական քաղաքականության ճիշտ հավասարակշռումը:
Նիկոլ Փաշինյան - Մեր նպատակադրումը պետք է լինի մարդկանց ոչ թե դիպլոմով, այլ կրթությամբ ապահովելը: Պետությունը պիտի օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպիտի օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ դիպլոմ:
Վարչապետի պաշտոնակատարը խնդիր է դնում ընդլայնել կրթական հնարավորությունը, բարձրացնել չափորոշիչները, որ բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող, այլ պատշաճ կրթություն ապահովող հաստատություններ:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մեջ ներառել են նաև միջին մասնագիտական կրթության վրա շեշտադրում անելու ծրագրեր և հույս ունեն, որ դրա արդյունքում մեծ քանակի մասնագետներ կկրթվեն, որոնք կկարողանան թե՛ սեփական փոքր ու միջին բիզնեսը ստեղծել, թե՛ այդ ոլորտում լրացնել թափուր աշխատատեղերը:
Ապարանում՝ 2080 հեկտար տարածքի վրա, «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը կկառուցի լեռնադահուկային համալիր: Կներդրվի ավելի քան 30 մլրդ դրամ՝ 15 միլիարդը «Մայլեռ մաունթայն ռեզորթից», մյուս կեսը՝ մասնավոր այլ ընկերություններից:
Վահան Քերոբյան - Ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 0,2 տոկոս, դա լինելու է կայուն տնտեսական աճ:
Համալիրի կառուցման երկամյա ժամկետում կստեղծվի մոտ 250, ծրագրի մեկնարկից հետո՝ 1500 մշտական աշխատատեղ: Նախատեսել են տարեկան սպասարկել կես միլիոն զբոսաշրջիկի, մրցունակ դառնալ նաև տարածաշրջանում, զբոսաշրջային լրացուցիչ հոսքեր ապահովել Ռուսաստանից, Իրանից, Եվրոպայից: Կկառուցվի նաև ճոպանուղի, խաղատուն:
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար) - Պետք է կողմնորոշվել՝ արդյոք մենք առաջնորդվում ենք քաղաքականությամբ, որ որդեգրել ենք խաղային բնագավառո՞ւմ, թե՞ համակերպվում ենք ներդրողների պահանջներին, որոշումը պետք է կայացնել:
Նիկոլ Փաշինյան - Մենք որևէ մեկին չենք ուզում արգելել գնալ խաղատուն, ուզում ենք նրա ճանապարհին դնել որոշակի արգելակներ, մենք չենք ուզում, որ հավելյալ միջոցներ լինեն, որ մարդուն կգայթակղեն դեպի խաղատուն:
Ջանջուղազյանի դիտարկմանն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է դրվեն անհատական մոտեցումները հնարավորինս նվազեցնելու սկզբունքներ:
Նիկոլ Փաշինյան - Նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանելն է, առաջինը դա է, բայց նաև այդ խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը, որ ընկալվի ոչ թե որպես որոգայթ մարդկանց համար, այլ ժամանցի ոլորտ, որը լինելու իրավունք ունի:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Հիմնական սկզբունքն այն է եղել, որ Ծաղկաձորի հետ նույն մրցակցային դաշտում լինի այս լեռնադահուկային ծրագիրը, այստեղ որոշակի տրամաբանություն կա, սա կոնկրետ շրջանակի մասին, զբոսաշրջիկների մասին է խոսքը:
Քննարկումից հետո Կառավարությունը հավանություն տվեց 30 մլրդ դրամի ներդրումային ծրագրին: Դրա իրականացման համար պետության պարտավորությունն է՝ ներդրողին օգնել ձեռք բերել տարածքներ: