Դեպքը տեղի է ունեցել հենց տան բակում՝ Նուբարաշենում: Տարվա այս եղանակին օձերը համեմատաբար ավելի ագրեսիվ են լինում: 2020-ին օձի խայթոցով 36 մարդ էր հիվանդանոց տեղափոխվել, այս տարի՝ առայժմ 25: էնդեմիկ այդ սողունի խայթոցի դեմ հայ բժիշկները պայքարում են ուզբեկ գիտնականների ստեղծած դեղամիջոցով՝ անտիգյուրզինով: Դեռևս այս դեղամիջոցն է թույնի դեմ պայքարի միակ տարբերակը: Ուզբեկական դեղարտադրող ընկերությունը երբեմն մեծ դժվարությամբ է տարբեր երկրների պահանջարկը բավարարում:
Շավարշ Մելքոնյան - («Արմենիա» ԲԿ սուր թունավորումների կենտրոնի ղեկավար) - Շիճուկի քանակը քիչ է լինում, չի հերիքում: Պետությունը մեծ գումարներ է ծախսում, որ տարվա կտրվածքով հակաթույն ունենանք:
Որպեսզի անհրաժեշտ դեղամիջոցը երկիր բերելու համար պետությունը մեծ գումար չծախսի, ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները պետության ֆինանսավորմամբ գործի են անցել ու շատ լուրջ ձեռքբերում գրանցել: Թունաբանության լաբորատորիայում տարիների աշխատանքի շնորհիվ օձի հակաթույն են ստեղծել:
Գայանե Կիրակոսյան (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Մշակվել է հայկական գյուրզայի թույնի դեմ հակաթույն, պատրաստի արտադրանք է:
Նոր մշակած դեղամիջոցի արդյունավետությունն արդեն ստուգել են ու առաջին փորձարկումն իրականացրել ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում պահվող ոչխարի վրա, արդյունքներն էլ հրապարակել հայտնի գիտական ամսագրերում: Առաջիկայում պատրաստի շիճուկը կներարկեն նաև օձերի թիրախում հայտնված մարդկանց:
Գայանե Կիրակոսյան - Հակաթույնը բոլոր միջազգային ստանդարտներով համապատասխանում է հակաթույներին ներկայացվող պահանջներին, պատրաստ է անցնելու նախակլինիկական փորձաքննություն:
Նախակլինիկական փորձաքննությունից հետո հայ գիտնականների մշակած հակաթույնը պատրաստ կլինի արտադրության: