Միջազգայնորեն ճանաչված սահմաններն անհրաժեշտ է հարգել՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները: Սաիդ Խաթիբզադեն ցավակցել է զոհերի և վիրավորների կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է արել:
«Սահմանային հարցերը պետք է խաղաղ կարգավորվեն: Իրանը պատրաստ է կողմերին հատկացնել ցանկացած աջակցություն՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է ԱԳն խոսնակը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը պատասխանել է Գեղարքունիքի սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների և ոտնձգությունների կապակցությամբ «Լուրերի» հարցմանը.
«Միացյալ Նահանգների համար շարունակում են մտահոգիչ մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկնվող միջադեպերը, որոնցից վերջինը Գեղարքունիքի մարզում էր, և կորուստների մասին հաղորդումները։ Մենք ի սրտե ցավակցում ենք զոհերի ընտանիքներին։ Ինչպես այսօր նշված էր պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ, մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել հրադադարի իրենց հանձնառությունը՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Նշենք, որ օրերս դեսպան Թրեյսին այցելել էր տարածքներից մեկը, որտեղ միջադեպեր են գրանցվում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները հետևողականորեն նշել է, որ մտահոգության տեղիք տվող մնացյալ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։ Մենք շարունակում ենք կոչ անել լիարժեք մասնակցել բանակցություններին ու երկխոսությանը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղության և տևական քաղաքական կարգավորման»:
Կրեմլը տեղյակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին և աշխատում է կողմերի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար - Մենք գիտենք, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»:
Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է պաշտպանության տակ վերցնել Հայաստանի սահմանը և չի՞ վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի ու Բաքվի հետ՝ եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացումն ապահովելու համար: Լրագրողների ճշտող հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ սահմանի երկայնքով ՌԴ սահմանապահների հենակետերի տեղակայման վերաբերյալ, Պեսկովն ասել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են: Ավելացնելու այլ բան չունեմ»:
Տարածաշրջանում լարվածության հետագա սրման հետ կապված մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին նշված է կառույցի կայքէջում: Ըստ հայտարարության՝ լարվածության աճը կարող է բացասաբար ազդել 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը: «Ուժի կիրառումն անընդունելի է, հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն»,- ասված է Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացրել ՄԱԿ-ում: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը մեկնաբանել է սահմանային վերջին բախումները:
Ֆարհան Հաք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ - Մենք աճող մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի վերաբերյալ հաղորդումներին, այդ թվում` գրանցված վերջին միջադեպի վերաբերյալ: Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Հայաստանին ու Ադրբեջանին հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է հնչել Գերմանիայից: Այն Թվիթերի էջում տեղադրել է Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի լիազոր ներկայացուցիչը: