ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), հետևյալ հայտարարությունն են տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված հետևում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությանը: Համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում անհապաղ թուլացնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից և կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության և հրադադարի հաստատման համատեղ մյուս համաձայնությունների բոլոր դրույթները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ նշում են հակամարտության հիմնական առանցքային խնդիրների՝ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունն ու կողմերին կոչ անում համանախագահների հովանավորությամբ հնարավորինս արագ վերադառնալ բանակցություններին: Համանախագահները կրկին առաջարկում են իրենց միջնորդությամբ կազմակերպել ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթություններն առանց նախապայմանների:
Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի շարունակական ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ: