Արցախում մեծ ծավալի բնակարանաշինություն է ընթանում: Օկուպացված Շուշիի և Հադրութի քաղաքացիների համար բնակարաններ են նախատեսվում Ստեփանակերտում: Այս փուլում կառուցվող 2314 բնակարանից 1489-ը կառուցվում են Արցախի մայրաքաղաքում:
Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - 750 բնակարան կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, և 749 բնակարան կառուցվում է մասնավոր ներդրումների միջոցներով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նաև Արցախի շրջաններում է բնակարաններ կառուցում. Ասկերանի շրջանում՝ 380, Մարտունու շրջանում՝ 276 բնակարան: Հադրութի շրջանի օկուպացված Մեծ Թաղեր գյուղի համար թաղամասի շինարարությունն Իվանյանում շարունակվում է: 15 շենքում ընդհանուր 180 բնակարան կլինի:
Կոմիտաս Հարությունյան (շինարար) - Շենքերը բաղկացած են երկաթբետոնե մոնոլիտային կառույցներից, հիմքերը ժապավենային երկաթբետոնե են: Շենքը բաղկացած է ընդհանուր 4 հարկից, մեկ հարկը լինելու է կիսանկուղային՝ որպես ապաստարան, և 3 վերգետնյա հարկ՝ որպես բնակելի:
Միայն բնակելիների շինարարության արժեքը կազմում է մոտ 4 մլրդ 547 մլն դրամ: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2022-ի սեպտեմբերին:
Գնել Խուրշուդյան (շինարար) - Ամեն շենքում լինելու է 12 բնակարան՝ 2 և 3 սենյականոց: 3 սենյականոց բնակարանների մակերեսը 86 քմ է, 2 սենյականոցներինը՝ 71 քմ:
Շինարարական ընկերություններն Արցախում վարպետ-մասնագետների կարիք ունեն: Այդ պատճառով Վանաձորից Արամայիս Ղուլիջանյանը հերթական տարին արտագնա աշխատանքի չի մեկնում: Փոխարենը՝ երեք որդիների հետ կառուցում է Արցախում:
Արամայիս Ղուլիջանյան (վարպետ) - Ես երկար տարիներ այլազգիների համար եմ աշխատում, հիմնականում Ռուսաստանի մասին է խոսքը: Բայց արդեն մի քանի տարի է՝ մեր ազգի համար ենք կառուցում:
2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախում մոտ 6 հազար ընտանիք է տեղահանվել: Բնակարանային խնդիրը կառավարությունը նախատեսում է լուծել մինչև 2024 թվականի վերջը: Որպես ժամանակավոր լուծում՝ արագ նորոգվում են գյուղերում առկա ազատ տները:
Արամ Սարգսյան - Գույքագրվել է համայնքներում ավելի քան 1000 բնակելի տուն՝ հին և տիրազուրկ բնակֆոնդից: Աշխատանքներ իրականացվում են 302 տան, արդեն ավարտված են 262-ում, որոնք արդեն տրամադրված են մեր տեղահանված բնակչությանը: Պարտադիր պայման է սանհանգույցի և խոհանոցի առկայությունը:
Իսկ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը թեթևացնելու նպատակով Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բնակելի տուն կառուցող երիտասարդ ընտանիքներին 5 մլն դրամ ֆինանսական աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև ստեփանակերտցիները: