ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր խոր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է.
«Սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, երեք հայ զինվորների սպանության ու ևս երկուսի վիրավորման մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ են: Սա հաստատում է, որ Ադրբեջանն իրականացրել է ևս մեկ ագրեսիվ ու մահաբեր գործողություն: Եթե Ադրբեջանին թույլատրվի սրել իրավիճակը, ապա բռնությունները, մահերն ու ավերածությունները կշարունակվեն:
Պետք է ընդունենք այն փաստը, որ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ալիևի ռեժիմին չի խոչընդոտում Ադրբեջանի ագրեսիան և անմիջական սպառնալիք է հայերի համար»,- հայտարարել է Ադամ Շիֆը:
Ամերիկացի կոնգրեսականը ԱՄՆ պետքարտուղարությանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արել դիրքորոշում հայտնել վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կատարել հրադադարի համաձայնագրի դրույթները:
«Միացյալ Նահանգները երբեք չպետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին, որն անդադար ոտնահարում է մարդու իրավունքները և ոտնձգություն կատարում Հայաստանի անկախության նկատմամբ։ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ժամանակն է»,- ընդգծել է Ադամ Շիֆը: