Կոմիտեի մակարդակով արգելքը հաղթահարելուց հետո օրենսդրական լրացումը մտավ լիագումար նիստի օրակարգ ու հաստատվեց։ Փաստաթուղթը սահմանում է, որ ռազմակրթական ծրագրերի ֆինանսավորման և արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով հաջորդ ֆինանսական տարում Ադրբեջանին գումար չի տրամադրվելու։ Բայց որպեսզի այս դրույթները վերջնական ուժ ստանան, դեռ քայլեր կան անելու։
Բրայան Արդունի (ԱՄՆ Հայկական համագումարի գործադիր տնօրեն) - Սենատը պետք է անցկացնի օրինագծի իր տարբերակը։ Հետո Ներկայացուցիչների պալատն ու Սենատը կհանդիպեն խորհրդակցական կոմիտեում, որտեղ երկու տարբերակները պետք է համաձայնեցվեն։ Այդ ընդհանուր որոշումն ուղարկվում է նախագահի ստորագրությանը։
Բրայան Արդունին չի կասկածում, որ առաջին անհաջողությունից հետո ադրբեջանական լոբբին կփորձի ուշքի գալ ու խանգարել վերջնական հաստատմանը: Հայկական կողմին սատարում է հունական Helenic Leadership Council-ն ու «Ի պաշտպանություն քրիստոնյաների» միությունը։
Սարա Բեյսիլ - («Ի պաշտպանություն քրիստոնյաների» միության մամուլի պատասխանատու) - «Ի պաշտպանություն քրիստոնյաների» միությունը սատարում է Փալոունի լրացմանը, քանի որ այն պատասխանատվության է կանչում Ադրբեջանին և Թուրքիային։ Սա ազդանշան էր, որ Միացյալ Նահանգներն այլևս չի հանդուրժելու նրանց գործողությունները։ Նրանք թիրախավորել են հայ քրիստոնյաներին Արցախում, Հայաստանում, նաև՝ Սիրիայում, Իրաքում։ Սա տարածաշրջանային ագրեսիային մեր պատասխանն էր։
Երեկոյան Ներկայացուցիչների պալատը հաստատեց գալիք տարվա արտաքին օժանդակության համապարփակ փաստաթուղթը։ Դրանով Փալոունի լրացման հետ հաստատվեցին նաև Հայաստանին՝ 50 և Արցախին ականազերծման համար 2 մլն տրամադրելու առաջարկները։
Ֆրենկ Փալոուն (ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Նյու Ջերսի) - Շատ ուրախ եմ տեսնելու 50 միլիոնի օգնությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական փոփոխություններին, ինչն է՛լ ավելի կամրապնդի այս երիտասարդ ժողովրդավարության հետ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը։ Փաստաթղթի ձևակերպումները կօգնեն հաղթահարել Արցախի մարդասիրական կարիքները, որոնք առաջացան նախորդ աշնան պատերազմի արդյունքում։ Օրինագիծը հստակ ուղերձ է, որ չենք սատարելու կամ օժանդակելու ավտորիտար համակարգերին, որոնք սպառնում են խաղաղությանն ու կայունությանը։
Հայտարարություն տարածեց նաև կոնգրեսական Ջեքի Սփիերի գրասենյակը՝ շեշտելով, որ Ադրբեջանը սաստկացնում է հարձակումները Հայաստանի դեմ։ «Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների վերաբերյալ հստակ դիրքորոշում որդեգրի՝ Հայաստանի փխրուն ժողովրդավարությունն Ադրեջանի ագրեսիվ ու ավտորիտար կառավարությունից պաշտպանելու համար»,- նշել է Սփիերը։