Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակվող բախումների առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք իրանական Mehr լրատվական գործակալությունից:
Խաթիբզադեն խորապես ցավում է երկու կողմերում էլ արձանագրված զոհերի ու վիրավորների համար և կողմերին կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով սահմանային վեճը խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը:
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է լարվածությունը հաղթահարելու և հակամարտող կողմերի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը:
Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է նաև Հարավային Կովկասում հնարավորինս շուտ տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը՝ հայտնելով տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու գործում Իրանի պատրաստակամությունը: