Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ. Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից: Դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչի մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս: Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ թեման պատրաստվում են քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ: