Թունիսում խռովությունների նոր ալիք է հասունանում՝ կապված նախագահ Քաիս Սաիդի կողմից բազմաթիվ պաշտոնատար անձանց պաշտոնանկությունների հետ՝ հայտնում է Al Jazeera-ն:
Թունիսը քաղաքական ճգնաժամում է հայտնվել, երբ նախագահն ավելի վաղ պաշտոնանկ էր արել վարչապետ Հիշամ Մաշիշին, արդարադատության և պաշտպանության նախարարներին և սառեցրել խորհրդարանի աշխատանքները:
63-ամյա նախագահը հրամանագրեր է ստորագրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների երկար ցուցակում ներառված անձանց, այդ թվում՝ բանակի գլխավոր դատախազին և ազգային Wataniya հեռուստաալիքի գործադիր տնօրենին պաշտոնանկ անելու մասին:
Թունիսի նախագահը վերացրել է օրենսդիրների խորհրդարանական անձեռնմխելիությունը և կարգադրել հետաքննել երեք կուսակցությունների, որոնք կասկածվում են 2019-ի ընտրություններից առաջ օտարերկրյա միջոցներ ստանալու մեջ:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ նախազգուշացրել են Սաիդի՝ խորհրդարանի 30-օրյա սառեցման ցանկացած «անօրինական» երկարացման դեմ հանդես գալու մասին և քաղաքական գործողությունների ժամանակացույց պահանջել:
Թունիսի նախագահը նշել է, որ իր գործողություններն արդարացված են սահմանադրության համաձայն, ինչը թույլ է տալիս պետության ղեկավարին բացառիկ միջոցառումներ ձեռնարկել «անմիջական սպառնալիքի» դեպքում:
Քաղաքական ցնցումներից բացի, Թունիսն ընկղմվել է նաև աղետալի տնտեսական ճգնաժամի մեջ, ներառյալ՝ աճող գնաճն ու գործազրկության բարձր ցուցանիշները, ինչպես նաև կորոնավիրուսի աճող դեպքերը: