Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին:
«Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին՝ այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել: Մեկ վիրավոր ունենք: Վիրավորումը ուսի շրջանում է: Վիրահատել են, նորմալ է ամեն ինչ»,- ասաց Սանոսյանը:
Խոսելով Սոթքի հանքավայրի մասին՝ Սանոսյանը տեղեկացրեց, որ այն այս պահին չի աշխատում:
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված խնդիրները՝ Սոթքի հանքավայրի աշխատակիցները, նաև տեխնիկայի մի մասը դուրս են բերվել»,- ասաց Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ նաև բնակիչների բարձրացրած այն հարցին, որ խոշոր ու մանր եղջերավոր անասուններին արածեցնելու տեղ չունեն, ստիպված են արածեցնել տների բակերում:
«Նման խնդիր կա: Կան որոշ արոտավայրեր, որոնց ուղղությամբ անասուններին տանելու դժվարություն կա: Սահմանափակվել է որոշ համայնքներում արոտավայրերի չափը: Ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ հանրապետությունում խոտի պակաս կա, որը ենթադրում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Որոշ տեղերում լրացուցիչ ուժեր է դրել բանակային կորպուսը, և այն վայրերում, որտեղ ենթադրվում է՝ կարող է անվտանգ չլինել, մեր բնակիչներին աջակցել են, որ անասունների արածեցնելու ու խոտի հավաքման պրոցես կազմակերպեն»,- ասաց Սանոսյանը: