Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։
Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ-ի շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Ներկայացվում են 2020 թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։