Լիլիթը Հադրութի շրջանի Արևշատ գյուղից է, հուլիսի 17-ից քրոջ՝ Լինայի հետ ճամբարում է:
Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների, աշխարհազորայինների, ծնողազուրկ կամ անապահով բազմազավակ ընտանիքների 3200 երեխայի ամառային հանգիստն այս տարի Կառավարության հատկացրած 335 մլն դրամով կկազմակերպվի այսպես:
Աշոտ Ավետիսյան («Լուսաբաց» ճամբարի տնօրեն) - Շատ կարևոր ու առանձնահատուկ ծրագիր է, որովհետև հաշվի առնելով 44-օրյա պատերազմը՝ երեխաներին այդ իրավիճակից փրկելու լավագույն տարբերակը ճամբարներում երեխաների ամառային հանգստի կազմակերպումն է:
Երեխաների համար Հանքավանի և Ծաղկաձորի վեց ճամբարներում հանգիստը կտևի 20 օր, կկազմակերպվի երկու հերթափոխով, յուրաքանչյուրում՝ 1600 երեխա:
Աշոտ Ավետիսյան - Ունենք հոգեբաններ, ունենք սոցիոլոգներ, ունենք լեզվաբաններ, որոնք աշխատում են երեխաների հետ: Այն ուղղությունները, որոնք ընտրել ենք, շատ արդիական են երեխաների կայացման համար:
Ճամբարում ժամանցն անցկացնելու բազմաթիվ տարբերակներ կան, կամ երեխաները ներկայացումներ են բեմադրում, կամ՝ ներկայացումներ դիտում: Երեխաներին հյուր էր եկել Երևանի պետական տիկնիկային թատրոնը:
Ռուբեն Բաբայան (Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար) - Երեք օր առաջ ինձ զանգահարեց Արա Խզմալյանն ու ասաց, որ ճամբարներում տեղավորված են մեր երեխաները, և շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք իրենց առօրյան նաև տիկնիկային ներկայացումով հարստացնեինք: Մենք միանգամից արձագանքեցինք:
Բաբայանը նշում է՝ մեկանգամյա ակցիա չէ, մշտապես են զբաղվելու մարզերի և Արցախի երեխաներին ուրախացնելով:
Յուրաքանչյուր ճամբար իր ուղղվածությունն ունի, մեկը՝ մարզական, մյուսը՝ գեղարվեստական, «Լուսաբացը» լեզվաճանաչողական նշանակության ճամբար է: Երեխաներն այստեղ ոչ միայն օտար լեզուներ են ուսումնասիրում, այլև հայերենի բարբառները, հատկապես՝ Արցախինը:
Աշոտ Ավետիսյան - Երեխաների մեծ մասը սկսել է դա ավելի շատ օգտագործել, քան մեր գրական հայերենը:
Ճամբարը 7-13 տարեկանների համար է նախատեսված, Սերյոժան վերջին անգամ է ճամբարում, արդեն 13 տարեկան է, այս տարի ընկերների ցանկը համալրել է արցախցի երեխաներով:
Ճամբարում կա 350 երեխա՝ երեք մարզից և մայրաքաղաքի երկու վարչական շրջաններից՝ Աջափնյակից ու Նուբարաշենից:
Նախաճաշի ժամն է: Օրական չորս անգամ են սնվում, ուտում են իրենց նախընտրած ճաշատեսակները: Ճամբար գալու հենց առաջին օրը բոլորը նշել են՝ ամենից շատ ինչ են սիրում ուտել:
Աշոտ Ավետիսյան - 17:30-ից հետո սկսվում են ատրակցիոն խաղերը, էքսկուրսիաները, օլիմպիադաները, երեկ մենք հեռավոր արշավի ենք գնացել Արտավազդ եկեղեցի:
Երեխաներն ու անձնակազմը թեստավորվել են ճամբար գալուց առաջ, հակահամաճարակային կանոններն էլ հնարավորինս պահպանում են: Ճամբարում կա 10 ջոկատ, յուրաքանչյուրում՝ 30-35 երեխա:
Գագիկը Քաշաթաղի Մոշաթաղ գյուղից է: Ասում է՝ սկզբում մի քիչ անսովոր էր, բայց արդեն հարմարվել է: Երկրորդ հերթափոխի համար ամառային հանգիստը ճամբարներում կմեկնարկի օգոստոսի 5-ին: