Կյանքից հեռացել է գրող, բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:
Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։
Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թթ. եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թթ.՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։
Հայտնի են Շեկոյանի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքեր: «Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։
Արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ: