Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ կայացել է «Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները» թեմայով Կլոր սեղան-քննարկում:
Բացման խոսքով հանդես է եկել հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը՝ իր խոսքում հակիրճ ներկայացնելով ՄԶՀ գործունեության ընթացքում հիմնադրամի կողմից Վայոց ձորի մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև ողջույնի խոսքով է հանդես եկել մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մարզպետը կարևորել է Վայոց ձորի մարզպետարանի հետ հիմնադրամի համագործակությունը՝ նշելով, որ մարզպետարանն ի դեմս ՄԶՀ-ի և այլ միջազգային կառույցների՝ ձեռք է բերել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին աջակցելու լավագույն գործընկերներ: Մասնակիցներին ողջունել է նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ:
Լուսինե Սիմոնյանը նշել է, որ ՄԶՀ-ն «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ Վայոց ձորի, ինչպես նաև Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում իրականացնում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած ընտանիքների հիմնահարցերին առնչվող ծրագրեր: Նա նշել է, որ այդ ծրագրերի շրջանակում տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով համագործակցել են մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ և շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար:
Այնուհետև կայացել են խմբային քննարկումներ՝ համայնքային սոցիալական աշխատողների և շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: