Այսօրվա իրադարձությունների առթիվ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի այս հարցը և վերջապես որոշում կայացնի՝ հակազդեցություն իրականացնելու միացյալ զորքերի միջոցով, որովհետև այդպիսին է տրամաբանությունը, օրենքը: Տեղի է ունեցել Ադրբեջանի՝ ոչ ՀԱՊԿ անդամի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, սպանում են այդ պայմանագրի անդամ ԶՈՒ ներկայացուցիչներին: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով՝ ոչ միայն ՀՀ-ն է արձանագրում, որ «ՀԱՊԿ-ն իրեն ոչ ադեկվատ է դրսևորում, այլև ՀԱՊԿ-ի հակառակորդները»:
«Հիմա ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է սթափեցնել: Եթե մենք լինեինք իշխանություն, շատ ուղիղ կդիմեինք գործընկերներին, ՀԱՊԿ անդամ պետություններին, քարտուղարությանը և ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնությանը, որն այդ անվտանգային համակարգի առանցքն է իր ԶՈՒ-ով, որ հարցն այլևս անհրաժեշտ է քննարկել նաև այլ տիրույթներում, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ-ում, որի անդամ է ՀՀ-ն: Եվ միգուցե ՄԱԿ առնվազն իրավական պատասխանատվության տիրույթի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները դառնան լուրջ քննարկման ու դրանից բխող հետևանքների համար պայման»,- ասաց Ուրիխանյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ին պետք է տեղյակ պահել, որ մենք քննարկում ենք արդեն այլ կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ հարցը մտցնելու տարբերակը:
«Եթե նրանք մեր ռազմավարական գործընկերներն են, եթե միմյանց նկատմամբ ունենք փոխադարձ հարգանք, ռազմավարական նշանակության հեռանկարային պլաններ, ուրեմն պետք է միմյանց հետ քննարկենք այդ տարբերակները, որովհետև իրականությունը քննարկման ենթակա չէ: Սա ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթ է, և կրակոցները կրակոցներ են՝ ուղղված ՀԱՊԿ-ի նկատմամբ»,- հավելեց քաղաքական գործիչը: