Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՌԴ և ԱՄՆ միջև մեկնարկել են երկկողմ բանակցությունները՝ ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում: Դռնփակ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների նախագահների միջև ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին պայմանավորվածությունների մշակման շրջանակում: ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյան կողմինը՝ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը: Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդգծել էր, որ պատվիրակությունները քննարկելու են ռազմավարական կայունության պահպանման և ամրացման, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ ՌԴ հետ նման երկխոսությունը պետք է հիմքեր դնի ապագայում սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ռիսկերի նվազեցման միջոցների համար: Բանակցությունների նախօրեին Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանն առաջիկա հանդիպումից սպասելիքների նշաձողը չի բարձրացնում և հույս ունի հասկանալ, թե որքան լուրջ է ԱՄՆ-ի վերաբերմունքը ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն հաստատելու համար:
*****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը բացի միջուկային զենքից և նավթագազային ոլորտից, այլ բան չունի, ըստ էության՝ սխալ են. ակնհայտ է, որ Սպիտակ տունը սխալ գիտելիքներ ունի ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բայդենի համապատասխան հայտարարությունը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, թե Պուտինը մեծ խնդիր ունի, քանի որ նա մի տնտեսություն է ղեկավարում, որը միայն միջուկային զենք և նավթահորեր ունի, ուրիշ ոչինչ:
*****
Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների հանդիպումն ավարտվել է Բաքվի հռչակագրի ստորագրումով: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրն իր ներդրումը կունենա երեք երկրների միջև ռազմավարական կապերի ամրապնդման գործում: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի խոսքով՝ հռչակագիրը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Պակիստանի խորհրդարանի խոսնակ Ասադ Քայսերն էլ նշել է, որ եռակողմ հարթակի շրջանակում պարբերաբար կանցկացվեն հանդիպումներ՝ համագործակցության առանցքային հարցեր քննարկելու համար:
*****
Իշխող «Վրացական երազանքը» չեղյալ է հայտարարում ապրիլի 19-ի համաձայնագիրը. այսօր հատուկ ճեպազրույցում կուսակցության առաջնորդների հետ համատեղ հայտարարություն է արել «Վրացական երազանքի» նախագահը: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ համաձայնագիրն իրեն սպառել է. համաձայնագրի հիմնական պահանջները կատարվել են, մասնավորապես, կալանքից ազատ է արձակվել «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի համասեփականատերը և «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսկացության ղեկավարը: Անդրադառնալով համաձայնագրի պայմաններից մեկին, որով իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակեն, եթե ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը չհավաքի 43 տոկոս ձայն, Կոբախիձեն նշել է, որ «Վրացական երազանքը» պատրաստ է նշանակել ընտրություններ, եթե անգամ 53 տոկոսից քիչ ձայն հավաքի: Ամիսներ առաջ Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմադիր կուսակցությունների և իշխող ուժի միջև կնքվել էր համաձայնագիր` որպես ելք քաղաքական ճգնաժամից:
*****
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու Կիևի պատրաստակամության մասին, այդ թվում` «Նորմանդական ձևաչափով», և ակնկալել է, որ հանդիպումը կկայանա: «Բայց այսօր այս հարցը կախված է Ռուսաստանից, և պետք չէ գնդակը մեր դաշտ նետել»,- ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելքում կարգավորմանն ուղղված ջանքերում առաջընթաց չկա, բայց արվում է «հնարավոր ամեն ինչ»: Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով «Նորմանդական քառյակը», որը ներառում է Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան, ձևավորվել է 2014 թվականին: