Չինաստանը «Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանում առանցքային ռազմական և քաղաքական ուժ է համարում: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին «Թալիբանի» քաղաքական ճյուղի ղեկավար Աբդուլլահ Գանի Բարադարի հետ հանդիպման ժամանակ:
«Աֆղանստանը պատկանում է աֆղան ժողովրդին, և երկրի ապագան ու ճակատագիրը պետք է լինի այդ ժողովրդի ձեռքում»,- ասել է արտգործնախարարը:
Վան Յին նաև հույս է հայտնել, որ «Թալիբանը» ամեն ինչ կանի երկրում խաղաղություն հաստատելու համար: Նա նշել է, որ Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն, սկսեն երկիրը ղեկավարել՝ ելնելով ժողովրդի շահերից: Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը թալիբներին նաև կոչ է արել խուսափել Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման (չինական ույղուրների ահաբեկչական կազմակերպություն) և այլ ծայրահեղական խմբավորումների հետ համագործակցությունից:
Բարադարը հավաստիացրել է, որ թալիբները որևէ խմբակցության թույլ չեն տա Աֆղանստանի տարածքն օգտագործել Չինաստանի վրա հարձակվելու համար:
Ի տարբերություն Չինաստանի՝ ԱՄՆ-ը լավատես չէ թալիբների հարցում: Եթե Աֆղանստանում իշխանության գա «Թալիբան» արմատական շարժումը, երկիրը կարող է միջազգային ասպարեզում ստանալ վտարանդու կարգավիճակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը՝ հայտնում է Reuters-ը:
Դիվանագետը նման ճակատագիր է կանխատեսել Քաբուլի համար՝ խաղաղ բնակչության նկատմամբ թալիբների դաժան վերաբերմունքի պատճառով: Նա նշել է, որ քաղաքացիական անձանց վրա զինյալների հաճախակի հարձակումների մասին տեղեկություններն անհանգստացնում են Սպիտակ տանը: Բլինքենը նույնպես կոչ է արել իշխանություններին և թալիբներին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: