Գիտական խումբը զբաղվում է հանգստյան գոտիների ջրի և հողի ուսումնասիրությամբ՝ պարզելու, թե ինչ մակաբույծներ կան, որքանով են վտանգավոր մարդկանց և կենդանիների համար:
2017-ից ձևավորված գիտական խումբը ուսումնասիրում է մարդու համար վտանգավոր հիվանդությունների հարուցիչները շրջակա միջավայրում: Կառավարության տրամադրած գիտական խմբերի զարգացման դրամաշնորհով հնարավորություն է ստեղծվել ընդլայնել հետազոտական ծրագրերը, ի հայտ բերել նոր տվյալներ հանրային առողջության համար:
Սարգիս Աղայան (գիտական խմբի ղեկավար) - Խումբը հագեցել է տարբեր նորագույն սարքավորումներով, որոնք մեզ թույլ են տալիս ժամանակին համընթաց գիտական աշխատանքներ անել միջազգային ամենաբարձր մակարդակի:
Վերցրած նմուշները զտում են հատուկ ֆիլտերերի միջոցով, հետո տեղադրում սառնարանում, հատուկ հեղուկի միջոցով լվանում, մանրադիտակով ուսումնասիրում, հաշվում նրանց քանակությունը մեկ լիտր ջրում: Նմուշները վերցնում են Երևանից և մարզերից: Թե որ տարածքում ինչ վտանգավոր մակաբույծներ կան՝ դեռ պարզ չէ, հետազոտության փուլը չի ավարտվել: Մասնագետի հաշվարկով՝ մոտ մեկ ամսից հնարավոր կլինի նախնական տվյալներ ստանալ:
Օլեգ Շերբակով (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Հաջորդ փուլում նույն գոտիներից մենք ուսումնասիրելու ենք նաև բակտերիալ աղտոտվածությունը և զուգահեռներ ենք տանելու բակտերիալ և մակաբույծներով աղտոտվածության, այսինքն՝ գնահատելու ենք նաև տվյալ տարածաշրջանի կոյուղաջրերով աղտոտվածության վիճակը:
Վերջին մեկ տարում գիտական խումբը պարզել է՝ Հայաստանում տզերը վարակված են վիրուսով: Հիմա ուսումնասիորւմ են, թե ինչպիսի շտամներ կան շրջակա միջավայրում:
Սարգիս Աղայան - Մեր դերն է բացահայտել, թե Հայաստանի տարածքում որտեղ ինչ հիվանդություններ են թաքնված, և որտեղ ինչ հիվանդություններ կարող են գլուխ բարձրացնել:
Վերջին 40 տարում, ըստ Աղայանի, Հայաստանում որոշ մակաբույծների հետազոտություն չի կատարվել: Նոր սարքերը հնարավորություն կտան բացահայտել նրանց վտանգավորության աստիճանը, պայքարի ճանապարհը: Աշխարհի մասշտաբով մակաբույծներ կան, որոնք դառնում են հիվանդությունների առաջացման պատճառ, և աշխարհը փորձում է հասկանալ գենետիկան և կանխարգելել տարածումը:
Որոշ թունավոր մակաբույծներ, օրինակ՝ հում կամ թերխաշ մսի օգտագործումից, անցնում են մարդուն և կարող են մահվան պատճառ դառնալ: Առաջնային թիրախը հղիներն են, վարակվելու դեպքում կորցնում են երեխային:
Գիտական խումբը տրամադրված դրամաշնորհով առաջիկա երկու տաում կիրականացնի մասշտաբային հետազոտություն՝ կանխելով հարուցիչների առկայությունը մարդկանց օրգանիզմում: