Ազգը «պարտք է» Ֆրանսիական Պոլինեզիային՝ Խաղաղ օվկիանոսում միջուկային փորձարկումներ իրականացնելու համար: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է պաշտոնական այցով Թաիթի կղզում գտնվելու վերջին օրը՝ գրում է Euronews-ը:
Մակրոնը խոստացել է ապահովել թափանցիկություն այս հարցում՝ ընդունելով, որ փորձարկումները միշտ չէ, որ անվտանգ են եղել, հատկապես 1966-1974 թվականներին:
«Այսօր ուզում եմ, որ լռությունը խախտվի, և ամբողջ ճշմարտությունը բացահայտվի ու հրապարակվի: Թող աշխարհը իմանա, թե որոշակի ինչ է արվել այն ժամանակ: Մենք մեծ գումարներ ենք ծախսել, բայց միշտ չէ, որ վճարել ենք տուժածներին»,- ասել է Մակրոնը:
Մեկժամյա ելույթում Ֆրանսիայի նախագահը նշել է տուժածներին փոխհատուցում վճարելու կարևորությունը և գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, սակայն նախագահն, ըստ ճառագայթումից տուժածների միավորման, այդպես էլ ներողություն չի խնդրել կատարվածի համար:
Տարածաշրջանում Ֆրանսիայի իրականացրած միջուկային փորձարկումների հետևանքով 30 տարվա ընթացքում մոտ 110 հազար մարդ ենթարկվել է ռադիոակտիվ նյութերի ազդեցության: Ֆրանսիայի իշխանությունները չեն զգուշացրել բնակիչներին վտանգի մասին և միջոցներ չեն ձեռնարկել նրանց պաշտպանության համար: