Վիրուսային հեպատիտի դեմ պայքարի և իրազեկման օրն այս տարի ընթանում է «Վիրուսային հեպատիտը անկարող է սպասել» կարգախոսով: Վիրուսային հեպատիտները հիմնականում ընթանում են թաքնված՝ առանց կլինիկակական ախտանիշների: Մասնագետների խոսքով՝ ժամանակին դրանք կանխարգելելու համար կարևոր են իրազեկման արշավները:
Հասմիկ Ղազինյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լյարդաբանական ծառայության ղեկավար, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ) - Այսօրվա գիտաժողովի կազմակերպումը հենց այդ նպատակն ունի՝ ավելի բարձրաձայնել, ավելի իրազեկել: Միայն համախմբված ձևով պետք է հասնենք հիմնական նպատակին, այսինքն՝ պետք է հասնել վիրուսային հեպատիտների էլիմինացիային, որն այնքան էլ հեռու չէ՝ 2030 թվականը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վճռական է՝ մինչև 2030 թվականը հաղթահարել վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում: Առողջապահության նախարարի հրամանով մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որտեղ ներկրայացված են, թե Հայաստանն ինչ քայլեր պետք է իրականացնի վիրուսային հեպատիտների և հեպատիտների տարբեր տեսակների կանխարգելման և բուժման ուղղությամբ: Այս տարվանից Հեպատիտ Ց-ով 1000 հիվանդ է տարեկան բուժվելու:
Նաիրա Ստեփանյան (բժշկուհի) - Վարակվելու, ժամանակին ախտորոշման դեպքում մասնավորապես վիրուսային հեպատիտ Ց-ն համարվում է բուժելի հիվանդություն, վիրուսային Բ-ն համարվում է կառավարելի հիվանդություն այս պահի դրությամբ: Այնպես որ ժամանակին ախտորոշումը, ժամանակին ճիշտ կողմնորոշվելը բժշկի կողմից ապահովում է պացիենտին կյանքի որակ և առողջություն:
Մասնագետների խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում կորոնավիրուսը գերիշխեց, բայց չպետք է անտեսել ու մոռանալ, որ կան նաև ոչ պակաս վտանգավոր վիրուսներ, որոնց դեմ ամենաարդյունավետ պայքարը պարբերաբար հետազոտվելն է: