Ադրբեջանը, Հայաստանի սահմանին ագրեսիա սանձազերծելով՝ փորձում է խաթարել նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրագործումը և մատրահարվեր է նետում տարածաշրջանային կայունությանը. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատականն է սահմանային լարված իրավիճակին: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ու ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Ռուբեն Ռուբինյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ - Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:
Այսօրվա լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ի լռությունը չի գոհացնում նաև ԱԺ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին: Նա շեշտում է՝ ժամանակն է սթափեցնել ՀԱՊԿ-ին, քանի որ Ադրբեջանը հարձակվել է ՀԱՊԿ պատասխանատվության տիրույթի պետության վրա:
Տիգրան Ուրիխանյան, «Ալյանս» կուսակցության ղեկավար - Ոչ միայն ՀՀ-ն է արձանագրում, որ, մեղմ ասած, ՀԱՊԿ-ն իրեն ոչ ադեկվատ է դրսևորում, այլ ՀԱՊԿ-ի հակառակորդները:
Ուրիխանյանի կարծիքով՝ եկել է ժամանակը, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները քննարկվեն ՄԱԿ անվտանգության խորհրդում: Կդիմի Հայաստանը ՄԱԿ-ի անվտանագություն խորհուրդ, թե ոչ, պատասխանեց իշխանության ներկայացուցիչը:
Ռուբեն Ռուբինյան - ՄԱԿ-ը մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով: Այդտեղ գործընթացներ ծավալել իմաստ ունի միայն այն դեպքում, երբ կատարվել է որոշակի տնային աշխատանք: Այդ գործընթացը պետք է լինի ըստ պատեհության, եթե այդպիսի պատեհության կարիք լինի, գործողություններ կձեռնարկվեն: Այս պահի դրությամբ միջազգային հանրությանն ու մեր գործընկերին տեղակացնում ենք տեղի ունացածը:
Ադրբեջանը գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ էր ծավալել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Կողմերը կիրառել են հրաձգային զինատեսակներ, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել՝ ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հետ են շպրտվել ելման դիրքեր: ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Ռուբեն Ռուբինյան - Հայաստանը մշտապես կողմ է եղել խաղաղության, սա է եղել նաև պատճառը, որ Հայաստանը ներգրավված է եղել բանակցութուններում, բայց եթե ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանն այսքանով հանդերձ պետք է գնա անհամաչափ զիջումների կամ զիջումների իր կարմիր գծերից այն կողմ, նրանք սխալվում են: Սա նաև ապացուցվել է այս գիշեր տեղի ունեցած իրադարձություններով: Մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին չեն զարմացնում Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանագետը հիշեցրեց Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որտեղ Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Տաթևիկ Հայրապետյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Հասկանում է, որ որոշ ժամանակ անց Հայաստանում իրավիճակը շատ ավելի կայուն կլինի և ՛ հոգեբանական առումով, և՛ համապատասխան պետական ինստիտուտների գործունեության, կունենա կազմակերպված իրավիճակ, և հետպատերազմյան շոկից հետո կկարողանանք ավելի համարժեք գործել:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն ադրբեջանական էսկալացիոն շարքը դիտարկեց երկարաժամկետ կտրվածքով՝ նկատելով, որ այն սկսվել է մայիսից, երբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Սյունիքի մարզ ու դիրքավորվեցին Հայաստանի տարածքում: Ըստ նրա՝ Բաքուն մի քանի նպատակ է հետապնդում:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ - Հասնել նրան, որ հայկական կողմը համաձայնի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ ըստ Բաքվի քարտեզների: Երկրորդն այն է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցն առաջ քաշելուց ու բարձրաձայնելուց, հայկական կողմը զիջումներ կատարի ու փաստացի ընդունի նոյեմբերի 9-ի հայտարարության աղավաղված դրույթները, որոնք վերաբերում են Սյունիքի տարածքով միջանցքի տրամադրմանը:
Քանի դեռ Ադրբեջանը չի ազատել Հայաստանի ինքնիշխան տարածքը, փորձագետներն ու պատգամավորները չեն բացառում, որ առաջիկայում ևս Բաքուն լարվածության օջախներ ստեղծի: