ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և էկոնոմիկայի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչությունների քննարկման առանցքում էր: Ծրագրի նպատակն է գնահատել մասնագիտական պահանջարկի և առաջարկի միջև առկա և պոտենցիալ խզումը, կանխատեսել այդ խզման վերացման կամ նվազեցման համար մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ ըստ ոլորտների, և հաշվարկել թիրախային ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստման ծախսը պետության համար:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է գործընկերներին և կարևորել ոլորտում ճիշտ համագործակցության արդյունավետությունը. «Նախ հասկանանք՝ որքանով է արդարացված պետական ներդրումը տվյալ մասնագիտության համար, կա՞ պահանջարկ, թե՞ ոչ: Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ զբաղվածության այլընտրանք՝ առաջարկելու երիտասարդությանը, որպեսզի կրթությունն ինքնանպատակ չլինի»:
Վահրամ Դումանյանն ընդգծել է մասնավոր հատվածի հետ համագործակցության կարևորությունը, որտեղ պետք է հաշվի առնել հայաստանյան իրականությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքներում փորձում են ներգրավել բոլոր այն կառույցներին, որոնք կարող են ապահովել գործընթացի արդյունավետությունը. մասնավորապես ընդգծել է Տնտեսագիտության ինստիտուտի դերը:
Վահան Քերոբյանը մատնանշել է՝ կան մասնագիտություններ, որոնք ունեն պահանջարկ, կան տեղեր, կա պետպատվեր, բայց ոչ ոք չի դիմում. «Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ գործիքակազմով այդ մասնագիտությունները դարձնենք ավելի գրավիչ ուսուցման համար: Մեր խնդիրն է նաև ճիշտ և ժամանակին արձագանքել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»:
Մասնագիտական պահանջարկի առումով նա առանձնացրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փորձը, որն արդեն կա այդ խնդիրը լուծելու համար: Նախարարի տեղակալի համոզմամբ՝ պետք է ստեղծվեն համակարգային գործիքներ, մշակվի շարունակական մեխանիզմ՝ ընդունելության գործընթացը, տեղերի բաշխումն իրականացնելու համար: Նա հատկապես ընդգծել է միջին մասնագիտական կրթական համակարգում մի շարք գործոնների վերանայումը, որոնց թվում՝ ուսհաստատություն-մասնավոր սեկտոր համագործակցության ամրապնդումը, մշակված կրթական չափորոշիչների արդյունավետության բարձրացումը, մասնագիտական կրթության զարգացման ազգային խորհրդի դերի վերանայումը:
«Նախ վերլուծենք դաշտի պահանջարկը՝ հասկանալու, թե ինչպես ապահովենք ընդունելության ճկունությունը: Ճիշտ ախտորոշման համար լուրջ հետազոտություն է պետք. մասնագիտությունները պետք է համապատասխանեն կարիքներին: Մենք մեր առաջին քայլերն արդեն արել ենք. տնտեսության կարիքները վերլուծելով՝ նոր մասնագիտություններ ենք ներդրել միջին մասնագիտական կրթական համակարգում, օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի, արևային էներգիայի կուտակման, շարժվող ռոբոտների ու սարքերի և այլ ոլորտներում մասնագետներ ենք պատրաստում ՀՀ տարբեր մարզերում՝ գնահատելով հենց տեղական պահանջարկը»,- հավելել է փոխնախարարը:
Լրացնելով գործընկերոջը՝ Վահան Քերոբյանն ասել է, որ պետք է զարգացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ «ոչ թե ինչ սովորել, այլ ինչպես սովորել» բանաձևով:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ասպիրանտական տեղերի հատկացման, այդ գործընթացի արդյունավետության ուսումնասիրման և բարձրացման, մրցակցային դաշտի ուժեղացման խնդիրներին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հավելել է, որ ասպիրանտական ամենաշատ տեղերը հատկացվում են էկոնոմիկայի ոլորտի մասնագիտություններին:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոշակի առաջադրանքների հիման վրա ուսումնասիրել դաշտը, գնահատել կարիքներն ու պահանջարկը և շարունակական հանդիպումների միջոցով ապահովել գործընթացի արդյունավետությունը: