Հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են օգտվել Արտակարգ իրավիճակների նախարարության ծրագրից: Այն արդեն մի քանի ամիս է՝ իրականացվում է:
Արտակ Գրիգորյան (ՀՀ ԱԻՆ Հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար) - Թիրախային խմբեր են համարվում անհետ կորածների և ռազմագերիների ընտանիքի անդամները: Պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողների ընտանիքները, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամ դարձած զինծառայողները, անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամները:
Կարող են դիմել նաև պատերազմի մասնակիցները, տեղահանվածները, աջակցության կարիք ունեցող բոլոր մարդիկ: Կօգնեն 60-ից ավելի հոգեբաններ: Ծառայությունները կլինեն մի շարք ուղղություններով:
Արտակ Գրիգորյան - Անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն: Ծառայությունների մատուցման 2-րդ տեսակը՝ խմբային աջակցություն, հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ: Սա հատկապես կարևոր է այնքանով, որ հոգեբաններին հնարավորություն է տալիս այցելել հեռավոր տարածքներ:
Ցանկացողները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով՝ 060 83 47 77: Ծրագրի աշխատակիցները նաև իրենք են փորձում կապ հաստատել:
Խաչատուր Գասպարյան (ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ) - Սոցիալական աշխատողը՝ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության կենտրոնի, զանգահարում է շահառուներին, տեղեկացնում՝ ստեղծվել է այսպիսի ծառայություն, եթե որևէ խնդիր ունենաք, միշտ կարող եք դիմել:
Ծրագրի համար Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 100 մլն դրամ: Մասնագետները կոչ են անում զանգահարել: Արդեն դիմել է 700-ից ավելի անձ: Աջակցությունը անվճար է, կապահովվի անձի գաղտնիությունը:
Հեղինակ՝ Անի Ավագյան