Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՌԴ և ԱՄՆ միջև մեկնարկել են երկկողմ բանակցությունները՝ ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում՝ հայտնում է РИА Новости լրատվականը:
Դռնփակ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների նախագահների միջև ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին պայմանավորվածությունների մշակման շրջանակում:
ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ամերիկյան կողմինը՝ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդգծել էր, որ պատվիրակությունները քննարկելու են ռազմավարական կայունության պահպանման և ամրացման, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման հեռանկարները:
ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ ՌԴ հետ նման երկխոսությունը պետք է հիմքեր դնի ապագայում սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ռիսկերի նվազեցման միջոցների համար:
Բանակցությունների նախօրեին Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանն առաջիկա հանդիպումից սպասելիքների նշաձողը չի բարձրացնում և հույս ունի հասկանալ, թե որքան լուրջ է ԱՄՆ-ի վերաբերմունքը ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն հաստատելու համար: