Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակիչներից մեկը թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։ Տեղեկությունն ստացվել է հունիսին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և մեկ ամիս տևած հետևողական աշխատանքն արդյունք էր տվել։ Հուլիսի 22-ին մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվել ու Էրեբունու բաժին են բերման ենթարկվել մի խումբ անձինք։
Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվել ու առգրավվել են տարբեր քաշով հերոինի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ «Մեթադոնի լուծույթ» գրառմամբ տարա է հայտնաբերվել՝ 81 գրամից ավելի թափանցիկ հեղուկով։
Էրեբունու ոստիկանների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցի նմանվող զանգվածները գնել էին դեռևս հունիսին՝ իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակչից։ Տեղեկությունները հաստատվել են. 55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվել։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են նրա բնակարանը՝ հայտնաբերելով հերոինի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր ու 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: