Գիշերը՝ 3:40 Բաքվի հերթական թշնամական սադրանքը Հայաստանի՛ սահմանների ուղղությամբ էր: Սոթքից մինչև Վերին Շորժա Ադրբեջանը նախահարձակ մարտեր սկսեց: Ինտենսիվ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական ուժերը փորձել են բարելավել հենակետերը, առաջ գալ: Ի սեպ, ադրբեջանական հարձակումը Հայաստանի տարածքի վրա սկսվեց Մոսկվայում նախատեսվող բանակցությունների նախաշեմին:
Մարտերը շարունակվում էին մինչև առավոտյան 09։20, ադրբեջանական կողմը կորուստներով հետ շպրտվեց ելման դիրքեր։ Հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում իրադրությունը կայուն էր:
Ապա Պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը միջնորդել է, ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադար վերականգնելու մասին։ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվեց՝ պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է: Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը վերահսկում է հայկական կողմը:
Ավելի ուշ հայտնեցին՝ Ադրբեջանի սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի Զինված ուժերի 4 զինծառայող։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց 5-րդ վիրավորի մասին:
Ցերեկը ժամը 13-ից հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում իրավիճակը կայուն է, մյուս հատվածներում նույնպես՝ հայկական վերահսկողության տակ:
Ադրբեջանական ագրեսիայի մասին Քննչական կոմիտեն պարզաբանեց՝ գիշերը ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, Ադրբեջանի մի խումբ զինվորներ Վարդենիս և Գեղամասար համայնքների Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանին բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող հայ զինվորների նկատմամբ: Երկու կամ ավելի մարդկանց սպանելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային կրակ են արձակել զինվորների ուղղությամբ, կարճ ժամանակով, բայց՝ գրավել հենակետերից մեկը: Սևանի կայազորի զինդատախազությունում հարուցվել է քրգործ՝ տարածքային ամբողջականությունը խախտելու, Հայաստանի տարածքը զավթելու, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով: