Արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք ամբողջությամբ ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ինչպես նաև անհատապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կոչը՝ վերսկսել բանակցությունները: Մենք ունենք նույնական դիրքորոշում նրանց հետ այն առումով, որ Արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, և Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, դրա շուրջ պետք է տեղի ունենան բանակցություններ: Աբսուրդ են Ադրբեջանի այն պնդումները, թե, իբր, հակամարտությունն ավարտված է, և վերջ: Բա եթե հակամարտությունն ավարտված է, ինչո՞ւ Արցախում կան խաղաղապահներ. խաղաղապահներ լինում են, երբ կա հակամարտություն, որն ավարտված չէ»,- ասաց Ռուբինյանը:
Ընդ որում՝ Ռուբինյանը շեշտեց, որ այնտեղ խաղաղապահներ կան Ադրբեջանի իսկ ստորագրությամբ և համաձայնությամբ, «հետևաբար իրենք են ֆիքսել, որ սա հրադադար է, և Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց»: