2021 թ. հուլիսի 27-ին` ժամը 20:15-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 59-ամյա կին, որը հայտնել է, որ խանութում իրեն ծեծի են ենթարկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ կինը նշված վնասվածքներն ստացել է իր նկատմամբ իրականացված ավազակային հարձակման հետևանքով:
Մասնավորապես, նախնական տվյալներով, 2021 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Էջմիածին քաղաքում գտնվող համակցված կերերի վաճառքի մասնագիտացված խանութ, գումար հափշտակելու նպատակով հարձակվել աշխատակցուհու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ որպես զենք օգտագործված առարկայով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածքներ, և հափշտակելով գումարը՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ավազակությունը, որ կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Խանութի աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան:
Կատարվում է նախաքննություն: