Մուշում իրականացվող բնակարանաշինությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում է։ Կառուցվում է երկու շենք՝ 36 բնակարան և մանկապարտեզ՝ 50 երեխայի համար։ 2 մլն դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում է 2019 թ. դրամահավաքի արդյունքում։
Ծրագիրը նախատեսվածից էլ շուտ կավարտեն: Այս տարեվերջ կամ մյուս տարվա սկզբին կհանձնեն շահագործման։ Շահառուներին կընտրեն անօթևան և սոցիալապես անապահովների խմբից։ 2,3,4 սենյականոց բնակարանները տերերին կհանձնեն վիճակահանությամբ:
Վերևի հարկում արվեստանոցներ են լինելու, բնակարանը ժամանակավորապես կհանձնվեն արվեստագետներին՝ պայմանով, որ օգնեն բակի երեխաներին արվեստ սովորել, իսկ նկուղային հարկում կբացվեն արհեստանոցներ․ վարսահարդար, ժամագործ, կոշկակար բնակիչները կարող են աշխատել իրենց շենքի նկուղում։
Այս ծրագրի ավարտից հետո նոր շինարարություն կմեկնարկի. ևս 60 նոր բնակարան կկառուցեն այս շենքերի հարևանությամբ։
Հիմնադրամը բնակարանաշինական իր ծրագրերով էականորեն թեթևացնում է պետության հոգսը՝ լուծելով անօթևանության խնդիրը Շիրակում։ Մարզպետի խոսքով՝ այսօր քննարկում են նաև բազմաբնակարան վթարայինների ճակատագիրը։
Հանձնաժողովը հաշվառել է մարզում տնակների թիվը, մնում է հասկանալ տնակատերերի կարգավիճակը։