Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու Կիևի պատրաստակամության մասին, այդ թվում` «նորմանդական ձևաչափով», և ակնկալել է, որ հանդիպումը կկայանա՝ հայտնում է РИА Новости-ն:
«Ես մեկ անգամ ևս հաստատում եմ բանակցություններին մեր պատրաստակամությունը նաև նորմանդական ձևաչափով, բայց այսօր այս հարցը կախված է Ռուսաստանից, և պետք չէ գնդակը մեր դաշտ նետել»,- ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելքում կարգավորմանն ուղղված ջանքերում արագ առաջընթաց չկա, բայց արվում է «հնարավոր ամեն ինչ»:
Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով «Նորմանդական քառյակը», որը ներառում է Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան, ձևավորվել է 2014 թվականին:
Նախորդ գագաթնաժողովն անցկացվել է Փարիզում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին: Վերջերս կողմերը տարբեր մակարդակներում քննարկում են այդ ձևաչափով փոխգործակցության հեռանկարները: