Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Երևանին և Բաքվինч վերսկսել քաղաքական գործընթացները: Ժոնաթան Լաքոթն ընդգծել է, որ այս գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո: Ֆրանսիական կողմի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումն է:
«Ֆրանսիան անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ, ըստ էության, հրադադարի խախտում է, նշանակում է՝ Հայաստանի սահմանների անվտանգային իրավիճակի վատթարացում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա այլ ուժի ազդեցության ներքո:
Բնականաբար, ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում կապի մեջ ենք նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ, որպեսզի նախ և առաջ իրավիճակի խաղաղեցման գնանք, և երբ ժամանակը գա, քաղաքական գործընթացը վերսկսենք: Սակայն այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է: Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես՝ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը:
Նաև ճշգրտեմ, որ ինչպես վերջերս հայտարարել էի, Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որ կուղղվեն ռազմաքաղաքական աջակցություն տրամադրելու համար: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ֆրանսիան նույն ռազմաքաղաքական դաշինքի մաս չեն կազմում, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմին պատրաստելն է, այլ դրանից խուսափելը:
Կարծում ենք՝ տարածաշրջանային խնդիրները չունեն ուժային լուծում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանային հարցերի կարգավորման համատեքստում պետք է բացառել ռազմական լուծումը, քանի որ դա տանում է փակուղի»,- ասել է Լաքոթը: